Մի վերացրեք Ձմեռ պապիկին

Մի քանի տարի առաջ թերթում կարդացի երիտասարդ մի տղայի շարադրություն <<Ձմեռ պապ>> թեմայով: Նա գրում էր, որ ձմեռպապալեգենդը հիմարություն է, և որ ծնողները, փոխանակ իրենց երեխաների ուղեղները ցնորեին նվեր բերող պապիկի մասին առասպելներով, ավելի լավ է իրենց զավակների հետ միասին կարդային Աստվածաշունչը:
Դե հիմա որ ասեմ, այդ երիտասարդը հիմար էր, կասեն, էլի կրոնական պատերազմները սկսեց:
Աստվածաշունչ ուսումնասիրելը, իհարկե լավ է, բայց մի՞թե Ձմեռ պաիկը խանգարում է դրան:
Եթե ծանոթ լինեի թերթում գրող այդ երիտասարդի հետ, կասեի նրան.
— Համոզված եմ, մի տարի չէր և երկու տարի չէր, ինչ Ձմեռ պապը ամեն Նոր տարի նվեր էր դնում բարձիդ տակ: Ու այսքան ժամանակ դու չե՞ս հասկացել՝ ի՞նչ ասել է Ձմեռ պապ, և ո՞վ է նա:
Հիշում եմ, հինգերորդ դասարանից սկսվեցին ՙ<<ձմեռպապական միտինգները>>: Ամբողջ դասարանը մի բանով էր զբաղված. հարևանից պարզելով՝ նա Ձմեռ պապիկին հավատո՞ւմ է, թե՞ ոչ: Նրանք, ովքեր, չէին հավատում, մի ջախջախիչ փաստարկ ունեին. նրանք տեսել էին, ով է իրենց նվեր բերում՝ մայրիկը, հայրիկը, քավորը և այլն: Ես այն ժամանակ դեռ չէի բռնել իմ Ձմեռ պապիկին <<հանցանքի վայրում>>, բայց արդեն գլխի էի ընկել, ով է նա: Կարող էի համարձակ միանալ <<չհավատացողների>> ճամբարին: Բայց չարեցի այդ: Բնազդաբար:
Հիմա արդեն մի քիչ մեծացել եմ և հասկանում եմ այն, ինչ ժամանակին անում էի բնազդաբար:
Մանկուց հեքիաթներ շատ եմ սիրել: Հիմա էլ եմ սիրում, հիմա գուցե ավելի շատ, որովհետև հիմա հասկանում եմ այն խորը փիլիսոփայությունը, որ թաքնված է  հեքիաթներում:
Ձմեռ պապն էլ իր փիլիսոփայությունն ունի: Դա սիրով տալու և փոխարենը ոչինչ չպահանջելու փիլիսոփայությունն է: Եկեք մտածենք. ո՞վ է Ձմեռ պապը: Մի ծերուկ, ով ամբողջ տարի սպասում է, որ միայն մի գիշեր դուրս գա իր թաքստոցից և նվերներ բաժանի երեխաներին: Աշխարհում կա յոթ միլիարդ մարդ արարած: Դրանցից քանի՞սն են երեխա: Շա՜տ են: Եվ բոլորին մի գիշերվա մեջ պետք է երջանկացնել: Տիտանական աշխատանք է: Եվ ի՞նչ է ուզում Ձմեռ պապիկը դրա փոխարեն: Գործնականում ոչինչ: Ամենաշատը, ինչ կարող է նա խնդրել, որ երեխաները չբարկացնեն իրենց ծնողներին: Այդքանը:
Թերևս Ձմեռ պապի մասնագիտության ամենադժվար պահը անոնիմ մնալն է: Ինչո՞ւ է Ձմեռ պապիկը թաքնվում: Մի՞թե վատ բան է անում, երբ նվերներ է բաժանում: Ոչ, պարզապես բարին կարող է լինել միայն անշահախնդիր: Իսկ անշահախնդիր լինել կարող ես միայն այն դեպքում, երբ ոչ ոք չգիտի, որ այդ դու ես անում այս կամ այն լավ բան: Որովհետև եթե այդ մասին իմանում են, դու արդեն աշահախնդիր չես: Դաժան է, բայց բարության օրենքներից մեկն է: Ինչպես հեքիաթի Անտեսանելի Արքայազնը, ով չէր համարում, որ բարի գործ է արել, եթե ինչ-որ մեկն իմանում էր այդ մասին: Միայն գաղտնի, թե չէ հաշիվ չի:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, ո՞վ է Ձմեռ պապիկը:
Բոլորս էլ Ձմեռ պապիկ ենք, սիրելիներս: Ահա այստեղ է իմ ասած փիլիսոփայության իմաստը:
Մանուկ հասակում դու ստանում ես, որ հետո, երբ մեծանաս, ուրիշներին տաս: Եվ ստանում ես ոչ միայն փափուկ խաղալիք կամ պոպոք-մադարին, այլ ամեն տարի դու ստանում ես անշահախնդիր բարության քո բաժինը: Տասը-տասնչորս տարի, քանի դեռ համարվում ես երեխա, ամեն տարվա այդ բարությունն արդեն դառնում է ավանդույթ քեզ համար: Ու երբ մեծանում ես, քեզ արդեն պետք չեն նվերներ, որ հասկանաս, որ Ամանորը աշխարհի ամենաբարի տոնն է, և դրա պատճառը հենց ինքը՝ այն գոյություն չունեցող Ձմեռ պապիկն է: Կամաց-կամաց ինքդ ես դառնում Ձմեռ պապիկ հորաքրոջ կամ մորեղբոր փոքրիկ երեխաների համար: Հետո, ինչ-որ տեղ, հինգերորդ դասարանում, նրանք բնազդաբար չեն գոչում, որ Ձմեռ պապիկ չկա, որովհետև բնազդաբար հասկանում են. շուտով իրենց հերթն է գալու Ձմեռ պապ դառնալ: Էլ ինչպե՞ս հայտարարես, որ Ձմեռ պապ գոյություն չունի: Դա նույնն է, ինչ ինքդ քեզ չեղյալ հայտարարես: Հիմարություն է, չէ՞: Ուրեմն ինչո՞ւ դեռ կան մարդիկ, ովքեր չեն հավատում ամանորյա հրաշքներին: Երևի չեն հասկանում, որ ամանորյա ամենամեծ հրաշքը մենք ենք և այն անշահախնդիր բարությունը, որ ամեն տարի մեր բարձի տակ է դնում մայրիկ, հայրիկ կամ քավոր-Ձմեռ պապը:
Շնորհավոր Ամանոր:

One response to “Մի վերացրեք Ձմեռ պապիկին”

  1. Զառա says :

    Ապրես Սոնչիկ ջան

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: