Բանաստեղծի խոսքը` արտասանված Երևանի ծննդյան 2500-ամյակի առթիվ

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿԱԾԸ
ԹՈՂ ԳՆԱ ԴԵՊԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
(բանաստեղծի խոսքը` արտասանված Երևանի ծննդյան 2500-ամյակի առթիվ)

Սիրելի՛ երևանցիներ, թանկագի՛ն հյուրեր,
Այսօր մեզ համար կրկնակի տոն է. մենք հանդիսավորությամբ և հպարտության օրինական զգացումով նշում ենք մեր մայրաքաղաքի` աշխարհիս հնագույն քաղաքներից մեկի ծննդյան 2750-ամյակը: Ծննդյան օրեր տոնելիս հոբելյարները, ինչպես գիտենք բոլորս, նվերներ են ստանում` զավակը ծնողներից, եղբայրը իր եղբայրներից. դարավոր, բայց նաև պատանի Երևանը, իր ծննդյան 2750-ամյակի առթիվ, մեծարժեք նվեր է ստացել իր եղբայր Մոսկվայից: Հայաստանի Հանրապետությունը իր ծնողից` Սովետական Միությունից ստացել է նվերներից ամենաթանկը` Լենինի շքանշան: Եկե՛ք բոլորս իրար շնորհավորենք այս թանկագին նվերի առթիվ:
Մենք այստեղ հավաքվել ենք մի սրբազան արարողություն կատարելու. բացելու 2750-ամյա Էրեբունի-Երևանի հիմնադրման թանգարանը: Օտարներն են ասել և շատ ճիշտ են ասել, որ Հայաստան կոչված երկիրը մի վիթխարի թանգարան է բաց երկնքի տակ: Ուրեմն մենք եկել ենք այստեղ, Հայաստան կոչված վիթխարի թանգարանում և՛ս մի նոր թանգարան բացելու, մի նոր թանգարան, որպեսզի ծածկի տակ առնի մեր բաց երկնքի տակ սփռված, մեր փոքրիկ հողի ծալքերում պեղված, մեր անսահման գանձերի մի առանձնահատուկ մասը միայն, ա՛յն ամենը, ինչ կապված է մեր մայրաքաղաքի հիմնադրման հետ:
Մենք այն ժողովուրդն ենք, որ մայրաքաղաքներ շատ է տեսել, և սրա մեջ է, եթե կուզեք, մեր ժողովրդի դարավոր ողբերգությունը: Որովհետև երջանիկ են այն ազգերը, որոնք իրենց պատմության ընթացքում մեկ կամ ընդամենը մեկ-երկու մայրաքաղաք են ունենում: Դա նշանակում է, որ տվյալ ազգը ունեցել է պատմական զարգացման քիչ թե շատ կանոնավոր ընթացք, տնտեսական և քաղաքական կյանքի քիչ թե շատ կայուն վիճակ: Իսկ մենք, կրկնում եմ, մայրաքաղաքներ շատ ենք ունեցել, ստիպվա՛ծ ենք ունեցել, ունեցել ենք, որովհետև նախկին մայրաքաղաքը ավերել են, հիմնահատակ արել: Ու մեզ մնացել է փլատակներով հպարտանալու զգացմունքը միայն, որ հպարտության վսեմ զգացմունքի վերջին տեսակն է և ո՛չ առաջին:
Թվում է, թե սխալված չեմ լինի, թվում է, թե բոլորիդ անունից խոսած կլինեմ, եթե ասեմ, որ այս հանդիսավոր պահին, Էրեբունի-Երևանի հիմնադրման թանգարանի պաշտոնական բացման պահին, մեզ պիտի համակի, նախ և առաջ, հետևյա՛լ զգացումը, թո՛ղ այսուհետև մեր ազգային կյանքը ընթանա այնպե՛ս, որ մենք այլևս չունենանք նոր մայրաքաղաք, որ Երևանը լինի՛ և մնա՛ մեր վերջին մայրաքաղաքը սրբազան Արարատի հայացքի ներքո, Այրարատյան աշխարհի կենտրոնում, Թեյշեբայինի, Արմավիրի, Արտաշատի, Վաղարշապատի, Դվինի, մեր նախկին մայրաքաղաքների հարևանությամբ:
Մեր մայրաքաղաքը Հռոմից էլ հին է: Բայց մենք ինքներս մեզ և մեր թանկագին հյուրերին հնություններ ցույց տալու քիչ բան ունենք մեր մայրաքաղաքում: Այս է՛լ բացատրվում է մեր ազգային ծանր ճակատագրով: Կարելի է վստահորեն ասել, որ Երևանի 2700 տարին ավելի քիչ բան է թողել մեզ, քան վերջին 50 տարին: Ուստի մեզ, այս հանդիսավոր արարողության պահին, պիտի համակի մի երկրորդ զգացում և՛ս: Թո՛ղ մեր սիրելի և սիրասուն մայրաքաղաքը ապրի մի այնպիսի՛ բարեբախտ կյանքով, որ նրա կառուցված, կառուցվող և կառուցվելիք շենքերն ու կոթողները հավերժելով հավերժեն` խուսափելով ինչքան տարերային աղետներից, նույնքան և ավելի պատերազմական արհավիրքներից: Արհավիրքներից և աղետներից թո՛ղ հեռու մնա ամե՛ն մոտիկ ու հեռու ապրող ժողովուրդ, ամե՛ն երկիր և նրանց շարքում` նաև դարերով տանջված մեր հողը և մեր գուրգուրանքի ու փայփայանքի, մեր հպարտության ու հույսի առարկան` մեր սիրելի հոբելյարը` Էրեբունի-Երևանը:
Հավերժությունից եկածը թող գնա դեպի հավերժություն:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
1968թ., հոկտեմբեր
Երևան

1 Comments

Կարծիք ավելացնել