Մահարի-Կապուտիկյան-Զարյան եռանկյան մութ անկյունները

Երկու շաբաթ էլ չէր անցել «Բռնադատվածությունը Գուրգեն Մահարու նամակներում» հրապարակումից [1], երբ նորից դիմեցի համակարգչին` գրեթե նույն թեման շարունակելու համար:

Մոռացե՞լ եմ որեւէ բան: «Հայի հետին խելքով» կարեւոր լրացումնե՞ր ունեմ: Ինչ-որ մեկը արձագանքե՞ց…Ո՛չ, նոր հանգամանքների բերումով:Ճշգրտումներ եմ կատարում «Գուրգեն Մահարու կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը» ավարտին մոտեցող գրքում եւ արդեն երրորդ անգամ եմ թերթում «Գրական թերթի» լրակազմերը: Որքա՜ն ակնառու է խմբագրից խմբագիր թերթի կերպարանափոխումը,- ասա՛, ո՞րն է քո խմբագրած թերթը եւ ես կասեմ, թե ով ես դու… Բայց չշեղվենք, հարցն այսօր դա չէ, այլ Ս. Կապուտիկյանի «Նաիրի Զարյանի իրական կերպարը («Էջեր փակ գզրոցներից» գրքից)» հրապարակումը [2], որը նորություն էր ինձ համար, քանի որ լույս է տեսել, երբ ես Երեւանում չեմ եղել: Կարդացի, վրդովվեցի, նստեցի համակարգչի առջեւ, եւ… եւ շարվեցին տողերը թեթեւ ու հեշտին, որովհետեւ ճշմարտությունն ինքն է հարթում իր ճանապարհը:Նախազգուշացնեմ բուլվարային եռանկյունիների սիրահարներին, որ խոսքը գրական եռանկյունու մասին է, եռանկյունի, որն ստեղծեց այնուամենայնիվ կին-գրողը (շերշե լա ֆա՛մ…), որքան էլ զարմանալի է, մյուս կողմերի մահից հետո:Ես պաշտոնական եւ ոչ պաշտոնական շատ հանդիպումներ եմ ունեցել Ս. Կապուտիկյանի հետ եւ միշտ էլ ցանկացել եմ հարցնել, թե ինչո՞ւ գրողների այն պահունակում, որին նա դիմում էր իր անհամար ելույթներում, Մահարին գրեթե բացակայում է: Յոթ տասնամյա ստեղծագործական կյանքում հոբելյանական մի հոդվածը քիչ չէ՞ Գուրգեն Մահարու նման ժամանակակցի համար: Չեմ հարցրել, բայց փորձել եմ ինքս գտնել հարցի պատասխանը: Որոնել եմ Մահարու «մեղքը» եւ գտել «խելքին մոտիկ» մի շարք պատճառներ եւ առաջին հերթին` գրողի հումորի ու գրչախաղերի մեջ:… Ծնվում է աղջնակը, ծնվում է ծափերի անժամանակ պահանջով, որին հետեւում է քահանայի տագնապը.«Այսպիսի բան ես չէի տեսել. այս երեխան երբ մեծանա, կփոխի իր՝ Կապուտիկյան ազգանունը եւ կդառնա Ծափուտիկյան…»:Ազգանունին հետեւում է բանաստեղծուհու անվան շուրջը մահարիական մի ուլունքախաղ. «…իր ծնողների եւ քահանայի կողմից կնքված է Սիրվարդ անունով: Ի՜նչ գեղեցիկ անուն: Բայց Սիրվարդը դեռ Սիրվարդ եղած տարիներին մի անգամ ընկավ հայ նշանավոր օպերետային խմբի ներկայացմանն՝ ուր Եվա Լուսինյանը խաղում էր «Սիլվա» օպերետում՝ Սիլվայի դերը: Բարեշնորհ եւ հեզաճկուն Եվան այնքան ծափեր խլեց հանդիսականներից, որ փոքրիկ Սիրվարդը ուշ գիշերին, ներկայացումից հետո տուն գալով, որոշեց քնել որպես Սիրվարդ եւ արթնանալ որպես Սիլվա: Մանկամարդ Սիրվարդը կատարեց իր որոշումը: Առավոտյան Լիա մայրիկը ասաց.- Սիրվարդ, քե մեռնեմ, գնա աղբյուրից մի փարխաջ ջուր բե՝ չայ դնենք…Սիրվարդը, որը զբաղված էր փոքրիկ հայելու մեջ իր խոպոպները ոլորելով, չլսելու տվեց:- Սիրվարդ, քե մեռնեմ…- երկրորդեց իր խնդիրքը Լիա մայրիկը:Սիրվարդն անհաղորդ մնաց:- Աղչի՛, վի՞ր կասեմ,- բարկացավ մայրը:Ճիշտ այդ ժամանակ էր, որ նորընծա Սիլվան բացեց բերանը եւ ասաց.- Մա՛, այսօրվանից ես ոչ թե Սիրվարդ եմ, այլ Սիլվա…- Ավա՜ր,- սարսափեց մայրը,- «Սիլվան» ներկայացում ի…- Ես էլ ներկայացում եմ,- ասաց անդրդվելի աղջիկը,- ես հիմա կերթամ ջուր կբերեմ, դու ինձ ծափահարություններով պիտի ընդունես:- Էսա աղջիկ ծռե՛,- որոշեց մայրը»:3Հայրանունը… բայց այդ մասին քիչ հետո:Մեկ այլ հումորեսկում [4] Մահարին Ս. Կապուտիկյանի ժողովածուն թերթելով հետեւում է, թե ինչպես է նա շրջագայում լայնածավալ երկրում` քաղաքից քաղաք, գործարանից գործարան, կառույցից կառույց եւ ամենուր թողնում իր բանաստեղծական հետքը. «Հարուստ է բանաստեղծուհու ներաշխարհը, եւ նա կարող է հանուն ժողովուրդների եղբայրության զոհել բանաստեղծության հավատո հանգանակը.- «Հանրակացարան: Այս երկրորդ օրն է այստեղ եմ արդեն. առավոտը վաղ հարեւաններս հրաժեշտ են տալիս: — Հը՜, այսօր կգա՞ք, տեսեք մեզ այնտեղ սվաղ անելիս.- Կգամ աղջիկներ, կգամ անպայման.- Ես լուսամուտից երկար նայում եմ, նայում եմ նրանց, որ հեռանում են՝ հագած զինվորի ծանր սապոգներ, կոմբինեզոնի լայնքի մեջ կորած:- Տո՜նյա, Ուլյանա, Զինա, Դունյաշա, անգին աղջիկներ…»:Այս՝ իհարկե գրված է կարճ տողերով, որպես բանաստեղծություն»:Խոստովանենք, որ անգամ ազատ բանաստեղծությունների վարպետներին դժվար կլիներ այս հատվածը վերածել չափատողերի:Հանդիպումները տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ նույնպես գտնում են իրենց արտահայտությունը.«Որպես հախուռն նորարար նա կարող է հայերեն գրված բանաստեղծություններին կշիռ տալ գերմաներեն, ռուսերեն բառերով. … «Մա՛յնե Սյուզա՛ննա, լի՛բե Սյուզա՛ննա», Ամենից բարձր երգում է Վա՜նյան…կամ՝- Դեռ գալիս է հեռվից երգի ձայնը, Մեկ հնչում, մեկ կորչում է որոշ,- «Չտո՞ժ տի բրոդիշ, գարմոն, ադինոկո, Չտո՞ժ տի դեվուշկամ սպաց նե դայոշ…»:Չպետք է կասկածել, որ եթե բանաստեղծուհին մի գեղեցիկ օր ասենք թե Լոնդոն ընկնի, կգրի այսպիսի մի բան. Ես եմ ու դու, Շուրջը գարուն. — Հուա՞յ դու յու դու, Մի՛ստեր Բրաուն…»:Երգիծաբանության ժանրին դիմած գրողը շարունակում է իր «հայտնաբերումները».«Սիլվա Կապուտիկյանն ինտերնացիոնալիստ է. այս աշխարհայացքն ավելի ցայտուն է դառնում, երբ նա սիրահարվում է: Նա ոչինչ չի խնայում, երբ սիրում է. մեր հիշողության մեջ դեռ թարմ է, երբ 4-5 տարի առաջ նա սիրահարվեց Մոսկվայում, Մոսկվայի «Լիտերատուրնայա գազետա»-ում ռուսերեն մի բանաստեղծության մեջ, ինտերնացիոնալիստական շիտակ ոգով եւ հոգով Մասիսը բարձրացնում է տեղից իր սիրածին նվիրելու համար: Միայն երբ Երեւանի «Գրական թերթում» Հրանտ Թամրազյանը չգիտես ի՞նչ դիրքերից գոռաց նրա վրա, նա կամացուկ Մասիսը դրեց իր տեղը» [5]:Հումորեսկը Մահարու կենդանության օրոք լույս չտեսավ: Բայց նա սիրում էր «նեղ» շրջանակում կարդալ իր անտիպները, եւ կասկածից դուրս է, որ կարճ ժամանակից Ս. Կապուտիկյանին հայտնի դարձավ դրա գոյությունը:Տարբեր են գրողներն իրենց խառնվածքով: Մահարին գերագնահատել էր Ս. Կապուտիկյանի առնական խառնվածքը [6]: Այնտեղ, որտեղ մեկ այլ գրող այդ խաղերի վրա միայն կժպտար եւ ամեն ինչ կանցներ առանց նստվածքի, կին-գրողը շրթունքները կծեց:Բայց ժամանակն է անդրադառնալու հայրանվանը:«Այրվող այգեստանների» տասնչորսերորդ ասքում դաշնակցական խումբը ժողով է գումարում, եւ իրենց ընկերներից մեկին, որը հանիրավի կասկածվում է դավաճանության մեջ, դատապարտում մահվան: Ժլատ, բայց դիպուկ վրձնահարվածներով պատկերված են իրական ժողովականներից մի քանիսը. «…Ահա Բարունակը, շիկավուն, թիկնեղ, լուրջ դեմքով, բայց մանկական, գրեթե կապույտ աչքերով Բարունակը, նա, որն օժտված է գրչով ու հռետորական ձայնով եւ որը հիմա նստել է լուռ, կտրված մի ծառի բնին, աջ ձեռքի արմունկը ծնկին, ձեռքը բռունցք արած, ասես լուսանկարվելու համար պատրաստված… Նրանք բոլորն էլ երկար մազեր ունեն, բեղեր` անպայման, մորուքը պարտադիր չէ… բոլորն էլ խանդավառ, բոլորն էլ երիտասարդ ու հավատավոր, որոնք առանձին-առանձին լույսի կտորներ են, բայց միասին` կարող են քվեարկել հօգուտ ամեն մի մութ գործի» [7]:Ազգանունը չկա, բայց ոչ միայն բանաստեղծուհին, այլեւ տարեց վանեցիներն էլ գլխի են ընկնում, որ խղճին դեմ որոշում ընդունողներից մեկը Վանի «Աշխատանք» դաշնակցական թերթի խմբագիր Բարունակ Կապուտիկյանն էր: Տալով շարքային ժողովականների դրական նկարագիրն առանձին-առանձին` Մահարին դատապարտում էր երկաթե կարգապահության վրա հենված ժողովները, որտեղ մասնակիցները կերպարանափոխվում են, ենթարկվում հոտային բնազդին:Մահարին նպատակ չուներ «հաշիվ մաքրելու» բանաստեղծուհու հոր հետ [8]: Պարզապես այդ էր պահանջում վեպի գաղափարախոսությունը: Եթե գրողը, հանուն կորուսյալ Վանի, ոտնատակ էր տալիս ազգային հայտնի գործիչներին, ինչո՞ւ նա չպետք է պատկերեր արատավոր ժողովներից մեկը, թեկուզ եւ դրա մասնակիցները լինեին իրական անձնավորություններ:Սա ամենացավագինն էր: Մանավանդ որ Ս. Կապուտիկյանն ունեցել էր ուրացման տարիներ, որոնց մասին գրել է «Հորս» բանաստեղծության մեջ [9]: Հայտնի է, որ անմաքուր խիղճը հիվանդագին է տանում անգամ ակամա հպումները:Այսպիսին էր երկու գրողների հարաբերությունների հետագիծը, երբ լույս տեսավ «Նաիրի Զարյանի իրական կերպարը» հրապարակումը, նախ գրքում, այնուհետեւ` մամուլում (՞): Որպեսզի ոչ ոք չկասկածի մեզ «մսով պոկելու» հանցանքում` կատարենք ծավալուն մի մեջբերում: Խոսքը նորից Ա. Բակունցի հանդեպ Ն. Զարյանի մեղքերի մասին է: Ս. Կապուտիկյանը շուտասելուկով դա բնորոշում է «փոքրոգություն» բառով եւ անցնում մեկ այլ մեղավորի հայտնաբերմանը` հանցանքի ծանրությունը գոնե կիսելու ակնհայտ ցանկությամբ. «Տաղանդավոր մի բանաստեղծ գրեց հետեւյալը. «Նա կռնակից խփեց, երբ զոհերն իրա/ Նստել էին անել, մթին զնդաններում,/ Ու սողոսկեց նրանց պատվանդանի վրա/ Որպես հտպիտ ու գող, որպես մանր Ներոն»: Այո, փոքրոգություն էր բանտի ճաղերից ներս տառապող մեծ գրողի վրա թերթի էջերից լուտանքներ թափել, սակայն փոքրոգություն չէ՞ր արդյոք` գործի դնելով գրողի համբավդ, վստահություն ներշնչող կենսագրությունդ եւ, մանավանդ, ընթերցողի անվերապահ հավատը ունենալու առանձնաշնորհումդ, գրել վերոհիշյալ ոտանավորը, որը մնալով հետագայում մասունքի ուժ ստացող անձնական թղթերում, հրատարակվելու դեպքում յուրաքանչյուր բառ հրացանից արձակվող սնայպերական գնդակի պես պետք է գնա եւ ուղիղ դիպչի խնձորակին… Չէ՞ որ ինչ գրած է ոտանավորում ճշմարտանման է, իսկ ոչինչ չկա ավելի վտանգավոր, քան ճշմարտանման սուտը, քանի որ ճշմարտանման սուտը հարյուրապատիկ դժվար է հերքել, քան բացահայտն ու անհեթեթը: Ուրիշ բան, եթե Մահարին գրեր այդ ոտանավորը այնտեղ, աքսորում, վիրավորանքից ու անզորությունից գազազած պահին, գրեր վերադարձից անմիջապես հետո, երբ եկավ տեսավ Նաիրի Զարյանին իր փառքի մեջ, ծաղկուն ու բարեկեցիկ: Գուցե դա բացատրելի եւ ինչ-որ մի տեղ արդարացնելի կլիներ… Բայց ո՛չ, վերադարձից հետո նրանք դարձյալ ընկերներ էին: Վկա` Մահարու ջերմ շնորհակալական նամակները Նաիրուն` իրեն նեղ տեղում սատարելու համար, նրանց փոխադարձ մտերմությունը կյանքի ավարտին: Մահարին այդ ոտանավորը գրել է… մանր վրիժառությունից դրդված, իր «Այրվող այգեստանների» նկատմամբ Նաիրի Զարյանի բռնած քննադատական դիրքի պատճառով… Կա՞ արդյոք Գուրգեն Մահարու գրառումներում այս առթիվ ինքն իրենից ամաչելու որեւէ ակնարկ: Երեւի ոչ… Սակայն երանի թե լիներ, եւ դա ոչ միայն Նաիրի Զարյանի համար, այլ իր` Մահարո՛ւ համար: Ուզում եմ, որ իմ սիրելի բարեկամը եւ մեծ գրողը մեծ լինի նաեւ հոգով, իր խղճի դեմ` մշտապես մաքուր, լինի մինչեւ վերջը արդար:Բացառելով «…նրանց փոխադարձ մտերմությունը կյանքի ավարտին» [10] բառերը, պաթետիկ այս մեջբերման մեջ որքան նախադասություն, այնքան կեղծիքին սահմանակցող անճշտություն: Մահարին աքսորում ունեցել է բազում դժվար օրեր, բայց «վիրավորանքից ու անզորությունից գազազած պահեր»` երբե՛ք: 1951-1954 թվականները նրա ստեղծագործական բոլդինյան աշունն էր: Այդ տարիներին գրվեցին նրա ոչ միայն խոհական, սիրային շարքերը, «Հանդիպումների երգը», որով նա թողություն տվեց իր հանդեպ բոլոր մեղք գործածներին, այլեւ «Երիտասարդության սեմին» վիպակը եւ մի քանի տասնյակ նամակներ, որոնք իրենց հումորով անգերազանցելի են Մահարու նամակագրական ժառանգությունում:Որտե՞ղ է Ս. Կապուտիկյանը տեսել «Մահարու ջերմ շնորհակալական նամակները Նաիրուն», հայտնի չէ: Մահարու երկհատոր (հրապարակման պատրաստ) նամականիում ընդգրկված են Ն. Զարյանին գրված բոլոր 13 նամակները [11]: Բացակայում է միայն վերջինը, բայց դա ոչինչ չի փոխում, քանի որ նախորդ նամակով արդեն կապերը խզվում են` ինչպես ցույց ենք տվել մեր նախորդ հրապարակման մեջ` Ա. Բակունցի դեմ գրված հոդվածների համար Ն. Զարյանի` դույզն իսկ ապաշխարելուց խուսափելու պատճառով: Ինչ վերաբերում է «նեղ տեղում սատարելուն», ապա տեղին է հիշեցնել Մահարու առաջին երկու նամակները: Դրանք գրվել են Սիբիրից` օգնության խնդրանքով եւ… մնացել անպատասխան:Բացահայտ կեղծիք են «Գրել է մանր վրիժառությունից դրդված, իր «Այրվող այգեստանների» նկատմամբ Նաիրի Զարյանի բռնած քննադատական դիրքի պատճառով…» տողերը: Ո՞րն էր այդ «քննադատական դիրքը»: Չասենք` նախկին ընկերոջ, բայց գոնե բարոյական նորմեր ճանաչող մարդու համար անթույլատրելի «Ասք էությա՞նը» [12], 60-ական թվականների այդ «մատերիա՞լը», որտեղ Մահարին մեղադրվում էր Թալեաթին արդարացնելու մե՞ջ: Ողջ քաղաքն էր խոսում այդ օրերին «Ասքի» մասին, իսկ կին-բանաստեղծը մնացել էր անտեղյա՞կ այդ «բամբասանքին»: Նախահարձակն այս անգամ էլ եղել էր Ն. Զարյանը, եւ «Զգույշ եղեք, մարդիկ» բանաստեղծությունը, որտեղից մեջբերում է Ս. Կապուտիկյանը, Մահարին գրել է նույն 1967 թվականին` ի պատասխան «Ասքի», երբ ընկերական հարաբերություններ չկային վաղուց ի վեր [13]:Կարո՞ղ էր Ս. Կապուտիկյանը չիմանալ, որ արքունական գրող Ն. Զարյանը եւ իր կոչումին անդավաճան Մահարին, վանեցի իր երկու հայրենակիցները, տարիներով եղել են «խռով», որ Ն. Զարյանի «Ասքը» տպվեց դեռ է՛ն թանաքը չչորացած, իսկ Մահարու բանաստեղծությունը` միայն հետմահու` այն էլ Բեյրութի «Նաիրիում»: Տեղին կլիներ հարցը` ո՞ւմ կողմից եք դուք, տիկին Կապուտիկյան: Պատասխանն ակնհայտ է: «Կա՞ արդյոք Գուրգեն Մահարու գրառումներում այս առթիվ ինքն իրենից ամաչելու որեւէ ակնարկ» հարցը մեկնաբանության կարիք չունի: Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում:Սեփական խիղճն այսքան չարչրկելուց հետո փարիսեցիություն չե՞ն «իմ սիրելի բարեկամը եւ մեծ գրողը» բառերը, անհանգստությունը Մահարու «հոգու եւ խղճի» համար:Այնուամենայնիվ ի՞նչ նպատակ է հետապնդել Կապուտիկյանը` ջանալով սեւացնել Մահարուն եւ փորձելով սպիտակեցնել Ն. Զարյանի, իսկ մի այլ դեպքում` Հր. Քոչարի դեմքերը [14]: Փնտրենք ավելի լուրջ պատճառներ: Դրանցից գլխավորը խորապես թաքցված կարոտախտն է ստալինյան ժամանակների: Մենք դիտմամբ չենք ասում «սովետական»` վերհիշելով բանաստեղծուհու «անկեղծ արցունքները» ժողովուրդների հոր մահվան օրը եւ շաբաթներով նրա սգից դուրս չգալը [15]: Ս. Կապուտիկյանը չէր կարող մոռանալ հեռուներից հեռու տարածված իր փառքը եւ տասնյակ հազարանոց տպաքանակներով Մ. Պետրովիխի եւ Վ. Զվյագինցեւայի թարգմանություններով իր գրքերի ռուսերեն բազում հրատարակությունները: Մոսկվան նրա փառքի կիզակետն էր: Ի՞նչ Մոսկվա, ողջ աշխարհն էր նրանը. «Քայլում եմ այս փողոցով ու թվում է սակայն ինձ,/ Թե ես կանգնած եմ ահա լեռան ծայրին մի հզոր,/ Ու տեսնում եմ այստեղից ես աշխարհները բոլոր,/ Եվ աշխարհները բոլոր ինձ տեսնո՜ւմ են այնտեղից…»: Հիշեցնենք, որ Ստալինի վրա անմխիթար լացող 35 տարեկան (sic!) բանաստեղծուհուց չորս տարով փոքր էր Մահարին, երբ 1934 թվականին գրեց Ֆիրդուսու հազարամյակին նվիրված «Ի՞նչ էր քեզ համար Մահմուդ շահը…» [16] եւ «Երգ Մահմուդ շահի եւ քննադատի մասին» [17] բանաստեղծությունները: Այո, այն նույն տարում, երբ գրվում էր «…Ռոստամ Զալին` Ֆիրդուսին»…Կարոտախտի այդ դրսեւորումներից էր եւ բանաստեղծուհու հավատարմությունն իր գրական մուտքի կնքահայրերին: Dente et unquibus! Դրա ավելորդ ապացույցն այն ջանքերն էին, որ թափում էր Ս. Կապուտիկյանը Ն. Զարյանի ծննդյան հարյուրամյակը դպրոցներում նշելու համար` որպես թեմայի ընտրակաշառք խոստանալով… իր մասնակցությունը: Շատ ձվեր են ներկվել, բայց դրանից դեռ ոչ մի ձու ոսկի չի դարձել:Հազիվ թե գտնվի ինչ-որ մեկը, որ մեղադրի ինձ թարմ հիշատակի անարգման մեջ: Նախաձեռնությունը իմը չէ: Գրողը, մարդկային հոգու ճարտարապետը, պետք է պատասխան տա իր գործերի եւ խոսքերի համար: Մեկ տարվա, թե քառասուն` շիրիմը շիրիմ է:Ի վերջո` հա՛րց գրողների միության, գրականության ինստիտուտի ղեկավարներին, գրական մամուլի խմբագիրներին: Գրականության կուսակցականացման, սոցռեալիզմի իշխման տասնամյակներին խախտվել էին գրական չափանիշները եւ արժեքները: Ի՞նչ է արվում դրանց վերականգնման, վերագնահատման համար, թե՞ ով` ինչ ուզենա կարող է գրել, հրապարակել, անգամ վերահրապարակել թեկուզ եւ «նեղ տեղերում»: Եթե մենք հավուր պատշաճի չգնահատենք մեր մոտակա խառնակ անցյալի եւ հեղհեղուկ ներկայի արժեքները, անընդհատ ուժեր վատնենք հերքումների եւ ճշտումների, 2+2-ի վրա, ապա չենք ունենա ո՛չ գրականություն, ո՛չ գրականագիտություն: Բայց դա չի նշանակում, թե չենք ունենա մրցանակակիր կամ շքանշանակիր գրողներ:Մեր այսօրը վկա:ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ1. «Ազգ»-ի հավելված «Մշակույթ», Եր., 2007, 7 ապրիլի, թիվ 7:2. «Գրական թերթ», Եր., 2001, 1-15 հունվարի, թիվ 1-2:։3. Մեր նշանավորուհիները: «Սովետական արվեստ», Եր., 1967, թիվ 1:4. Գ. Մահարի: Երգիծանք եւ հումոր: Մեր բանաստեղծուհիները (Սիլվա Կապուտիկյան), Երեւան, 2004, էջ` 188-192:5. Ս. Կապուտիկյանի «Սեր» բանաստեղծության մասին Հր. Թամրազյանը «Կենսական հարցեր» հոդվածում գրեց. «Տեսեք, թե ինչ դրամա է. այնքան մեծ է «սերը», որ հերոսուհին կթողնի անգամ հայրենի հովիտները, «Արարատը», պարզ ասած, սիրո փոխարեն այստեղ ավելի ընդգծվում է պատկառանքի պակասը եւ մարդու համար նվիրական անունների սպեկուլյացիան» («Գրական թերթ», Եր., 1959, 10 ապրիլի, թիվ 14):6. Նամակներից մեկում գրել էր` «Ջերմ բարեւներ տղաներին` Համո-Պարույր-Էմին-Սիլվային»:7. «Այրվող այգեստաններ», Եր., 1966, էջ` 310-312:8. Այդ դեպքում նա չէր զլանա հիշատակել Բ. Կապուտիկյանի ամոթալի մի արարքը: Ծայրահեղ երիտսերնդականը մասնակցել էր իր ուսուցչի` Մահարու հոր` Գրիգոր Աճեմյանի ծեծին, որին կարճ ժամանակից հետեւեց դաշնակցական քեռու կողմից վերջինիս սպանությունը: Չունենալով սպանությունը բացահայտող այլ հետք` թուրք ոստիկանները ձերբակալեցին նաեւ Բ. Կապուտիկյանին եւ բաց թողեցին` հանցանշանի բացակայության պատճառով (Համբարձում Երամյան: Հուշարձան Վան-Վասպուրականի, հատոր 1, Կահիրե, 1929):9. Տես Ս. Կապուտիկյանի անվերնագիր եւ անթվագիր ֆոտոժողովածուն, որը պատրաստվել է հավանորեն ծննդյան 80-ամյակի առթիվ` Գունավոր տպագրության տպարանում:10. Երկու ծանր հիվանդ գրողների մտերմությունը կյանքի ավարտին արտահայտվել է Ն. Զարյանի մեկ այցելությամբ` Մահարու տուն եւ մեկական նամակի փոխանակությամբ: «Մտերմության» տեւողությունը վեց ամիս էր, որից չորսում Մահարին գտնվել է Երեւանից դուրս:11. Այդ նամակները տես` Հայաստանի ազգային արխիվ, Ն. Զարյանի ֆոնդ:12. «Գրական թերթ», Եր., 1967, 19 մայիսի, թիվ 21:13. Այդ տարիների «ընկերական հարաբերությունների» մասին վկայում է Մահարու մի հետգրությունը. «P. S.- Իմ եւ Նաիրու մասին լուրեր կարող են տարածվել. չհավատաս: Իրողությունն այս է՝ մոտ երկու հնգամյա խռովությունը ինքը խզեց. մոտեցավ, բարեւեց.- Ինչպե՞ս է,- հարցրեց.- Ներկայացո՞ւմը,- հարցրի ես երեւի ակնարկելով համագումարը։ — Առողջությունդ,- ճշտեց նա: — Առողջություն չի մնացել,- պատասխանեցի: — Ոչինչ,, լավ կլինի,- ասաց նա: Ես հիշեցի նրա «Ասքը» «Գր. թերթ»-ում եւ չկարողացա չասել.- Եթե այդպես շարունակես, իհարկե, լավ կլինի: — Լավ կլինի, լավ կլինի,- ցավակից մեղմությամբ պնդեց նա, եւ մենք բաժանվեցինք:Այս է պատահածը: Մինչեւ հիմա էլ չեմ հասկանում Նաիրու այս jest-ի իմաստը: Հակահարվածը կանխելու համա՞ր էր,, թե՞ զգացել էր իր հարվածի տմարդությունը: Գուցե ուզում է նոր գրական ճակա՞տ կազմել եւ կարծելով, որ ես ուժաթափ եւ ուշաթափ եմ՝ որոշել է ինձ… հոսփիթալիզացիայի՜ ենթարկել… իր դրոշակի տակ: Համագումարի նրբանցքներում քաշ էր գալիս մինչեւ հիմա թուր ու դանակ սեւահոգի Արմենի հետ: Ի՞նչ է մտորում, ի՞նչ իմանաս» (Նամակ Ն. Ադալյանին, 3 հունիսի 1967 թվականի):14. Ս. Կապուտիկյան: «Հրաչյա Քոչարը եւ իր ժամանակը»: Գրականագիտական հանդես: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի եւ ՀՀ գրողների միության: Եր., 2005, Ա(Գ), էջ` 193-224:15. Նույն տեղում, էջ` 200-201:16. «Խորհրդային Հայաստան», Եր., 1934, 6 հոկտեմբերի, թիվ 268:17. «Գրական թերթ», 1934, 10 հոկտեմբերի, թիվ 26:Եթե այդ բանաստեղծությունները թարգմանվեին ռուսերեն, ապա Կրեմլի արձագանքը պակաս չէր լինի Օ. Մանդելշտամի «Կովկասյան լեռնականից» Աղբյուրը՝»ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ- ՄՇԱԿՈՒՅԹ#010, 19-05-2007

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: