Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան:

Բարի մարդը կարծում է, թե ամբողջ շրջապատը բարի է: Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջը, մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է, և ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից:

Քրեագետների ասելով` գողականների մեջ մի տարատեսակ կա, որ իրենք անվանում են` «հոգով գողական»: Սրանք գողություն չեն անում, բայց երկրպագում են գողականի կենսաբանությունը, նրանց ընդունակությունները, յուրօրինակ տաղանդը և կուռք են դարձնում նրանց տեսակը` ձգտելով ընդօրինակել նրանց որոշ հատկություններ: Կան նաև «ոգով ուժեղներ», որոնց, սակայն, իսկապես ուժեղ լինելու համար պակասում են շատ հատկություններ: Եվ նրանց մոտ առաջանում է բախում էության և հնարավորության միջև: Այդ բախումը հիմնական հարթակն էր, որի վրա իրենց կյանքն անցկացրին, թերևս` ողբերգական կյանքը, Մայակովսկին, Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը: Եվ Ամերիկան, և Վրաստանը պարարտ հող էին նման դրսևորման համար: Մայակովսկին կոտրեց բանաստեղծական տողը` առաջին հերթին այդ բախման պատճառով: Նրա կեցվածքը, նրա քայլվածքը, նրա կոպտությունը, նրա հեղափոխությունը միջոց էին թաքցնելու համար խեղճ ու ամաչկոտ տղամարդուն, որին տանել չէր կարող ինքը` «մեծ բղավանը»: Ամեն ինչի և ամեն ոքի հետ նա ներքուստ շշուկով ու պատկառանքով էր խոսում և գոռում էր աշխարհի ու Աստծու վրա: Անզոր ու երկչոտ էր մի կնոջ առջև ու հրամայում էր կանացի զանգվածներին:
Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը զբաղվեցին բռնցքամարտով. նրանք ուժեղ էի ուզում լինել, խիզախ ու կամային: Լոնդոնի կամքը նահանջում էր և նահանջում էր բոլորի կամքի առջև` մոր, քրոջ, սիրած կնոջ… Ուժն էր պայթում նրա յուրաքանչյուր տողից, և կամքն էր Աստվածը նրա: Եվ այդ չքնաղ արտահայտությունը կամքի ոչ թե կամքի դրսևորումն էր, այլ` կամքի ծարավը: Թերևս Հեմինգուեյից բացի` ոչ ոք այդքան չի զգացել կամքի գերակայությունը մարդկային լինելության մեջ, որքան ամաչկոտ ու նրբանկատ Ջեկը: Որպես նավաստի ծով էր դուրս գալիս, ոսկի որոնողների մեջ էր, և մեզանից ոչ ոք չգիտի նրա խեղճությունն ու տառապանքը այնտեղ: Մենք բոլորս վկա ենք նրա ցանկությանը լոկ, նրա տղամարդկային սահմանադրությանը:
Առյուծ էր որսում Հեմինգուեյը, Իսպանիայի բարիկադներն էր բարձրանում, կուրծքը դեմ էր անում եվրոպական որոմներին, ցուլ էր տապալում իմանալաբար կոռիդայում, բայց ոչ ոք իրենից բացի տեղյակ չէ նրա ներքին սահմանադրության և կարողությունների ընդհարմանը: Այդ ընդհարումն էր, թերևս, որ լուծվեց ինքնասպանությամբ: Ինքնասպանություն էր նաև Ջեկ Լոնդոնի հրաժեշտը աշխարհի իրականությանն ու ձգտումին: Պաշտոնապես գոնե` ինքնասպանություն էր Մայակովսկու հեռացումը: Եվ եթե չէր, ուրեմն կլիներ` միայն թե մի քանի տարի հետո: Նրանց բախումը շատ բաների բախումն էր բնության ստեղծած և մարդու ստեղծած աշխարհներում:

Աղասի Այվազյանի էսսեներից
Աղբյուրը

One response to “Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան:”

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: