Կրթական բովանդակությունը վերջ կդնի կրթական կոռուպցիային

Կրթական դաշտում վերջին զարգացումները գրիս առիթ դարձան։ Շեշտում եմ` զարգացումները. կարևոր է, երբ դաշտում շարժում ես տեսնում ու աշխատանք` ինչ-֊որ բան փոխելու ձգտում։

Պարզ է, նաև՝ ողջունելի, որ հենց այս շարժումն էլ առաջ է բերում տարբեր տեսակետներ, նաև` ասեկոսեներ, խորհուրդներ։ Կարծիքներ, որոնք օբյեկտիվ են ու խորքային, կարծիքներ, որոնք սուբյեկտիվ են, կասկածահարույց … Կարևորը՝ հնչում են։ Պետք է ընդունենք, որ անկախ նրանից, թե ինչ տեսակետ է, ինչպես է այն որակվում, արդեն դրական է․դաշտում շարժում կա, ու մարդիկ մտածում են. սա զարգացում է։ Դեռ օրեր առաջ լռություն էր. կրթական անհանգստություն չկար, դաշտը մեռած էր. կարծիքների բազմազանությունն ու մարդկանց` մտահոգությունների արտահայտումը, հենց կենդանացող դաշտի վկայությունն է։ Հեղափոխության ձեռքբերումն է։ Այս խնդիրները, հնչող ու հնչվելիք անհանգստությունները նոր չեն, պարզապես մարդիկ չէին արտահայտվում՝ մտածելով՝ ո՞ւմ ասենք, ինչո՞ւ։
Կարևորում եմ։
Նաև՝անհանգստանում։
Կուզեմ խոսել  ինձ մտահոգող խնդրի մասին, ու խոսակցությունն ու հնչող անհանգստություններն այլ դաշտ տանել։
Դպրոցներում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը կարևոր է, նաև` հրատապ։ Վերջինզանգյան դրամահավաքությունը վաղուց պետք է կանխվեր։ Սրանք անվիճելի պնդումներ են։ Սկսել ենք․ լավ է։

Սակայն շեշտենք, որ կրթական քաղաքականության հիմքում բովանդակային խնդիրները առանցքային են, մնացյալ գործողությունները պետք է հենց բովանդակությունից բխեն։ Պարզաբանեմ։ Ի՞նչ ասել է «Վերջին զանգ», ո՞ւմ է այն պետք և ինչու․ հռետորական հարցադրումներ չեն։ Ինչո՞ւ պետք է դպրոցը պատասխանատու լինի սրա կազմակերպման համար, ի՞նչ չափի գումար պետք է ծախսվի, ո՞վ պետք է գումար ներդնի և ինչո՞ւ։ Եվ սովորողները, և ծնողները, և դպրոցն ուզում են հիշարժան դարձնել այս օրը, բայց ինչպես։ Այստեղ առաջ է գալիս բովանդակային խնդիրը։ Հիմա հարցնում եմ՝ կա՞ նման ծրագիր, որտե՞ղ է հրապարակված, ո՞վ է իրականացնում, ի՞նչ փորձ ունենք այստեղ, ինչո՞ւ այս ուղղությամբ չենք աշխատում։

Կրթական ցանկացած գործողություն, նաև՝ տոնախմբություն, պետք է բովանդակություն ունենա, ճաշակ և հմտություններ փոխանցի։ Հենց այստեղ է բացը։ Կրթական կառույցը՝ այս դեպքում դպրոցը, բովանդակություն թելադրողն է։ Վերջին զանգը կամ այլ տոնախմբություն կրթական նախագիծ է՝ իր խնդիրներով, բովանդակությամբ, ակնկալիքներով։ Այն պետք է ճաշակ, բովանդակություն, հմտություններ փոխանցող մի նախագիծ դառնա, որին մասնակից կդառնան բոլորը՝ սովորողներ, դասավանդողներ ու ծնողներ։ Իհարկե, բոլորն ուզում են միասին լինել՝ տոնի վերածել, երեկո կամ գիշեր անցկացնել․ սա լավ է և բնական՝ հարազատության, ընկերության վկայություն․ սրա դեմ հաստատ չենք խոսում։ Էստեղ խնդիրն այլ է՝ ինչ երեկո ու որտեղ, ինչ բովանդակությամբ։ Դպրոցն ու ուսուցիչը ռեստորանային խրախճանքի համար ոչ ռեսուրս պետք է վատնեն, ոչ գումար հավաքեն, ոչ էլ պատասխանատվություն կրեն։ Նախագիծ ասվածը հենց այս խնդիրները կլուծի՝ միասնական երգի, պարի, քայլքի, խարույկի․ սա լուրջ կրթական ծրագիր է, որի իրագործումը հրատապ է։ Նախագծի բովանդակությունից արդեն կբխի նաև ծնողի տված գումարի չափը․ կկորեն ճոխ զգեստներն ու բրենդային մրցավազքը, առաջ կգան սովորողի ձեռքով նկարված հագուստի ինչ-ինչ դետալներ, կշեշտադրվի պարզությունը՝ դարձյալ բովանդակությունից բխող։ Բովանդակությունը վերահսկելիություն կապահովի։ Ծնողը  աստղաբաշխական գումարներ չի տա, դպրոցը պատասխանատու չի դառնա խրախճանքի, հարբած պատանու և այլնի համար, որովհետև նախագծի հիմքում չեն դրվի ուտել և հագնել հասկացությունները, այլ՝ նպատակ՝ դրանից բխող խնդիրներով։ Ուսուցիչը ոչ թե պետք է վախի ու նվաստացման մթնոլորտում ապրի․ առանց այդ էլ դպրոցներում կադրերի համալրման խնդիր կա՝ երիտասարդները խոսափում են դպրոցում աշխատելուց՝ հիմնական հիմնավորումը՝ աշխատանքը ծանր է-պատասխանատու, աշխատավարձը՝ քիչ, կարգավիճակը՝ չհարգված, չգնահատված։ Ուսուցչին պետք է ուղղորդել, աշխատելու հնարավորություն ստեղծել, համապատասխան մեթոդական աջակցություն իրականացնել՝ ոչ թե չգործող ու ենթադրյալ մասնագետների, այլ՝ դաշտում ներդրում ունեցող ու արդեն այս ուղղությամբ քայլ արած մարդկանց կողմից։
Ուսուցիչը պետք է խրախուսվի իր աշխատանքում, զարգացման ու աշխատավարձային խրախուսման հնարավորություն տեսնի։ Չի կարող նվաստ ու անընդհատ վերևից գլխին հարված ուտող ուսուցչը, բովանդակություն ստեղծել ու ճաշակ թելադրել։ Կրթական քաղաքականությունը պետք է քայլեր անի ուսուցչի դերի բարձրացման ուղղությամբ։ Արդեն աշխատանքի ընթացքում էլ  թույլ, ստեղծել չկարողացող կադրերը կմաղվեն, կմղվեն․ պետք է ուսուցչի աշխատանքի, ստեղծագործելու դաշտ տալ, հնարավորություններ ստեղծել՝ բացել փակ ու մենաշնորհային դաշտը։ Ինչ է ստացվում․ միջազգային կրթական սեմինարների մասնակցում են այլ կառույցներում աշխատող մարդիկ, ներդրումային՝ ծրագրերի, դասագրքերի, գրքերի ստեղծմանը՝ նույնպես։ Մարդիկ, ովքեր դպրոց չեն մտել ու չեն մտնի, որովհետև դպրոցը շահութաբեր ու հեռանկարային չեն համարում։ Հեշտ է խոսել կրթությունից, սեմինար վարել, ուղղորդել, երբ ինքդ դրա մեջ չես․ էստեղից էլ՝ կեղծիքն ու նոր բովանդակության բացակայությունը։ Բարձր աշխատավարձի հավակնություն կամ՝ լրացուցիչ վճարման հնարավորություն ևս ուսուցիչը չունի։ Ի՞նչ և ինչպե՞ս պահանջել նման սահմանափակ դաշտում ապրող ուսուցչից։
Այսպիսի խոսակցության ու ծրագրի պահանջ կա․ առաջարկում եմ այս ուղղությամբ խոսել ու քայլ անել։

Реклама

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: