«Անուշ» պոեմը

Վերլուծությունը՝ հեռավար ուսուցմամբ սովորող Աստղիկ Խաչատրյանի։

«Անուշ» պոեմում նախևառաջ վառ ձևով պատկերվում է գյուղական կյանքը` իր հնուց ի վեր եկող ադաթներով և հավատներով։ Պոեմում ցույց է տրվում է նաև այդ կյանքին զոհ գնացած սերը` իր դժբախտ ավարտով։

Պոեմի սկիզբը շատ գեղեցիկ է ներկայացված։ Բանաստեղծը սկզբում ասում է, թե ինչպես են սեգ սարերի չքնաղագեղ ոգիները հավաքվում և ողբում արդեն կատարված ծանր դեպքերի համար։

Հետո բանաստեղծը մտքով հետ է դառնում իր հայրենի Լոռին, որտեղ էլ հենց տեղի են ունենում բոլոր իրադարձությունները։

Անուշը` հասարակ գեղջուկ աղջիկ, և հովիվ Սարոն սիրում էին իրար անմեղ և անկեղծ սիրով։ Քանի որ Անուշը, իրենց կարգերի համաձայն, չէր կարող ազատ գնար ուր ուզեր, նա անընդհատ պատճառ էր փնտրում, որ կարողանա տնից դուրս գնա` իրեն կանչող սիրեցյալին տեսնելու և կարոտն առնելու։ Նրանք հանդիպելուց մոռանում են ժամանակի մասին և Անուշի մայրը` սիրտն անհանգիստ, գնում է աղջկա հետևից, ով արդեն հրաժեշտի խոսքն է ասում Սարոյին և տունդարձի ճանապարհին է։

Հետո պոեմում պատմվում է Համբարձումի ժամանակ աղջիկների բախտ հանելու մասին։ Թե ինչպես է Անուշին սև վիճակ ընկնում, և նա, դա ընդունելով, պատմում է, թե ինչպես է նա փոքր ժամանակ անիծվել մի պառավ դարվիշի կողմից։ Մյուս աղջիկները ասում են, որ այդ ամենը սուտ բաներ են, բայց Անուշը միևնույն է, վախը սիրտը, մտածում է իր սև բախտի մասին, ինչն էլ և վերջում կատարվում է։ Այս տեսարանը ցույց է տալիս ժամանակի մարդկանց սնահավատության մասին։ Շատ երկար ժամանակ է ժողովուրդը այսպիսի բաներին հավատացել։ Ինձ թվում է մարդկանց համար ուղղակի այդպես ավելի հեշտ էր ապրելը. գուշակություն անել և հետո ասել, որ դա քեզնից չէ կախված, այլ բախտից։ Ես նաև կարծում եմ, որ թեկուզև Անուշը հավատում էր իր չար բախտին, նա միևնույն է փորձեց քայլեր ձեռնարկել այն փոխելու համար։

Ժամանակակից մարդիք ավելի քիչ են հավատում այսպիսի բաներին։ Բայց հիմա էլ կան այնպիսի մարդիկ, որոնք ամբողջ սրտով հավատում են, որ անզոր են փոխել իրենց չար բախտը։ Իմ կարծիքով, որոշ դեպքերում, իրոք, կարող է զգացվել բախտի ուժը, սակայն մեծ մասամբ մենք և մեր որոշումներն են մեզ լավ կամ վատ արդյունքներ, բացի այդ նաև կյանք բերում ապագայում։ Իսկ գուշակություններին չափից դուրս շատ ուշադրություն տվող մարդիկ(անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանում են ապրում) վատ բախտ տեսնելուց հետո հենց հուսահատվում են և ոչինչ չանելու արդյունքում այդպիսի կյանք ունենում։

Հարսանիքի ժամանակ Սարոն խախտում է իրենց ադաթներից մեկը` անարգելով Մոսոյին։ Այդ արարքի պատճառով, իհարկե, բոլորը դեմ են լինում Սարոին Անուշի հետ պսակելուն, և սիրահարները ստիպված են լինում փախնել անտառ։ Մի ժամանակվա ընկերները դառնում են իրար դուշման և Մոսոն վերջում չկարողանալով ապրել վիրավորանքի հետ, սպանում է

Սարոին։ Անուշը նույնպես երկար չի ապրում այդ դեպքից հետո։ Վերջինս` չդիմանալով ցավին, Դեբեդ գետն է քցում իրեն։

Պոեմում շատ է խոսվում դարերի ընթացքում կարծրացած ավանդույթների ու կարգերի մասին, որոնք պատճառ են դառնում իրար սիրող մարդկանց ունեցած դժբախտ ավարտի, արժանապատվության կորստի, ընկերության վերջի և թշնամության սկզբի, և վերջապես պատճառ են դառնում սպանության։ Պոեմում ցույց է տրվում նաև գեղեցիկ ու մատղաշ սերը, որը երիտասարդները տածում են իրար նկատմամբ։ Նրանց սիրո ուժը մեծ էր և չնայած պոեմը ունենում է տխուր ավարտ, բայց այդ ավարտը մեզ ցույց է տալիս, թե ինչքան են նրանք իրար սիրում, և որ նրանք, մեկն առանց մյուսի կյանք չունեն։

Պոեմի հիմնական հերոսներն են Անուշը, Սարոն և Մոսին։

Անուշը, ինչպես պոեմում է ասվում, գեղեցիկ, սևաչյա, կամար ունքերով, կարմրաթուշ և թուխամազ աղջիկ էր։ Նա նաև սնահավատ էր, քանի որ համոզված էր և մյուսներին էլ էր համոզում, որ անիծված է և չար բախտ է իրեն սպասվում։ Եվ ո՞վ գիտի, միգուցե այդ մտքերն էին հենց, որ սկզբում ոչ մի արժեք չունեցող «անեծքը» իրականություն դարձրին։ Բացի այդ, նա անգին սիրով սիրում էր Սարոյին, ում համար և’ փոքրիկ ստեր հորինեց` տնից դուրս գալու համար, և’ վերջում իր կյանքը տվեց` սիրեցյալի հետ հանգուցյալ աշխարհում լինելու համար։ Անուշի տածած սերը իրեն տվել էր նաև խիզախություն։ Իսկապես, նա սիրած մարդու հետ լինելու համար շատ մեծ ռիսկերի գնաց։ Այդ սիրո ուժը ստիպեց նրան հեռանալ ընտանիքից, հասարակությունից և ցույց տվեց նրա ընդդիմությունը ադաթների դեմ։ Սակայն նույն այդ սերը, որն Անուշին այս քայլերն անելու ուժը տվեց, կուրացրեց նրան` դեպի վախճան տանելով։ Բայց միևնույն է, հաշվի առնելով այն ժամանակաշրջանը և բնակավայրը, որպեղ նա ապրում էր, շատ քիչ աղջիկներ այդպիսի քայլերի կգնային։ Շատերը, միգուցե, հեզորեն ենթարկվելով ընտանիքի անդամներին, ուղղակի կփորձեին մեկ ուրիշին գտնել։ Եվ դրա պատճառը կլիներ միայն այն, որ բոլորը պետք է կուրորեն հետևեին ադաթներին։

Սարոն հովիվ էր, ով խենթորեն սիրում էր Անուշին, կանչում էր նրան` կարոտին չդիմանալով։ Աղբյուրի պաղ ջուրն էլ չէր կարողանում հանգստացներ իր սրտի կրակը, և ադաթն էլ խախտում է վերջինս, սիրած աղջկա համար։ Սարոյի կերպարը ընդհանուր առմամբ ներկայացրած է, որպես սիրահարի, ով վախ չունի և ամեն ինչ կանի սիրած աղջկա համար։ Սակայն նա ևս ուներ թուլություն։ Եվ նրա թուլությունը նույնպես նրա ունեցած սերն էր։ Նա այնքան շատ էր ուզում մինչև վերջ երևալ Անուշի աչքերում, որ կորցրեց իրեն և խախտեց իրենց ավանդույթներից մեկը։ Բացի այդ, հետո իրավիճակը ինչ-որ այլ ձև ուղղելու փոխարեն, նա գերադասեց փախչել։ Նրա արարքները ավելի շուտ անմիտ էին, քան քաջարի և անվախ։ Նա թեկուզև ուզում էր լինել Անուշի կողքին, բայց չէր մտածում իր քայլերն անելուց առաջ և իր արարքների հետևանքների մասին։

Եվ վերջում, Մոսոն` Անուշի անդրանիկ եղբայրը, պոեմում ինձ թվաց, որպես պատիվը ամեն ինչից և նույնիսկ հարազատ քրոջ երջանկությունից էլ վեր դասող մարդ։ Նրա արժանապատվությունը այնքան կարևոր էր իր համար, որ պատրաստ էր արյուն թափել և դժբախտացնել հարազատին, մարդկանց աչքերին նորից նայելու ընդունակ լինելու համար։

Նրա արարքներից կարելի է դատել նաև, որ նա շատ էր կարևորում իրենց գյուղի ավանդույթները` չափից դուրս մեծ ուժ ու նշանակություն տալով դրանց։ Եվ դրա պատճառով նա իր մտածելակերպը չէր փոխի։ Մոսին այն մարդն էր, ով կախված էր հասարակության կարծիքից և համառորեն գնաց մինչև ամենաստոր քայլը, որպեսզի իր մասին ունեցած կարծիքը հասարակության մոտ լավը լինի։ Բայց արժե՞ին դրանք մեկը մյուսին։ Եվ միշտ էլ այդպիսի տղաներ եղել են ու կան հասարակության մեջ։ Ովքեր համառորեն մնում են այս հնաոճ մտածելակերպին են և իրենց պատիվը ամենից և բոլորից ավել են դասում, երբեմն չափազանցնելով ամեն ինչ։

«Անուշը» պոեմ է, որում հերոսները դեմ են գնում հասարակությանը և ադաթներին` իրենց սիրո պատճառով։ Հին ավանդույթները կարելի և անհրաժեշտ է պահպանել, բայց անհրաժեշտ է նաև փոխել որոշ բաներ, քանի որ աշխարհը փոխվում է, և այսօրվա աշխարհին ոչ բոլոր հին ավանդույթներն են համապատասխանում։ Նաև կտրուկ քայլերի գնալու փոխարեն կարելի է ավելի մանրամասն ամեն ինչի մասին մտորել, ոչ թե թողնել որ զգացմունքները տիրեն քեզ։

Կարծիք ավելացնել

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: