Архив тегов | Վիտալի Գրիգորյան

Միայնակ Սկարլետը․․․

Ձեռքս եմ առնում գրիչս, մի թուղթ պոկում 96 էջանոց տետրից, ( նրա ետին շապիկի վրա գրվածը միայն կարող է հուշել այդ տետրի 96 էջանոց լինելու մասին)։  Առաջին տողից էլ վեր գրում եմ ՝ «Մենակություն»։ Այդ ընթացքում մտածում եմ, ո՞րն է լինելու հաջորդ տառը, բառը կամ նախադասությունը։ Ասում են սկզբից է դժվար, հետո հո չես գրում, որ տետրից միայն շապիկն է մնում։

«Սկարլետ» մակնիշի՝ թերթերից զուրկ, այդ տետրը ինձ հիշեցրեց անփոր, սպիտակ թևերով աղավնու ։ Թևերը գետնին անշարժ ընկած են, ինչպես Սկարլետը։ Սակայն վերջինս թուղթ է և չի շնչել ու չի շնչոմ։ Սպիտակ և արյունոտ թևերն էլ չեն շնչում, որովհետև քիթ չունեն, սակայն մի ժամանակ շնչել են, երբ պարոն մսագործ Սկարլետը դեռ չեր թափել նրա փորը։ Սկարլետն էլ էր միայնակ, աղավնին էլ, տետրն էլ, բոլո՛րը․․․ Բոլորն էլ մի օր միայնակ են մնում, հայացքը հառում արևին և միանգամից փախցնում՝ երկյուղելով, որ այդ շիկացած գդալը եռման ջուր կլցնի երկու արևանման գնդերի խորքում,  որոնք Լուսնի և Արևի հերթափոխի պես անընդմիջելի կբացվեն ու կփակվեն։  Ես ու մսագործ Սկարլետը իրար նման ենք։ Նա մորթեց աղավնուն, իսկ ես՝ 96 էջանոց «Սկարլետ» ֆիրմայի տետրին։ Սկարլետը ցանկանում էր թռչել, իսկ ես՝ գրել։  Տենչում էր թռչել, որ մենակության թակարդը չընկնի, կամենում էի գրել, որ մտքերս ինձ միայնակ չթողնեն։ Բայց «փորաթափը» չկարողացավ թռչել՝ թևերն էին փոքր, իսկ թերթերին քշեց մենակության հևքը ։

Սկարլետը լուռ նստած էր աթոռին։ Անշնչացածը թևերը ընկած էին ուղիղ նրա առջև։ Կիսալուսնաձևը և մթաշաղաղ աչքերը հետևում էին հրեշտականման թևերին, որ հանկարծ մարմին չառնեն և թռչեն։  Սկարլետը խորասուզված էր մտքերի թռիչքի մեջ։  Սպանդանոցում լռություն էր, միայն հոգիներն էին շրջում, փնտրում իրենց մարմինները։ Լռություն էր․․․ Ոչ մի ձայն․․․ Միայն պատերն էին գոռում ու աղաղակում։  Ճաքեր էին գոյացել, և թվում էր՝ պետք է փլուզվեն, հոգիները ազատություն կստանան և կարտաքայլեն, իսկ անկենդան թևերը մարմին և հևք կստատան, կթռչեն առ երկինք։ Սակայն պատերը միայն գոռում էին և ճաքճքում, բայց չէին քանդվում։  Սկարլետը ուզում էր լացել, թևերից ալ արյուն էր կաթում, և պոկում էր էջերը․․․

Ուսուցիչ և ոչ միայն

«Մասնագիտական փորձառություն» նախագծի շրջանակներում այսօր՝ 27․09․13թ, կրթահամալիրի սովորողներ Վիտալի Գրիգորյանը և Ավետիս Հարությունյանը այցելեցին «Վեմ» ռադիոկայան՝ մասնակցելու «Ծնողական ժողով» հաղորդաշարին։ Հաղորդմանը ներկա էին նաև այլ կրթական հաստատությունների սովորողներ․ «Այբ» ավագ դպրոցից՝ Ստելլա Ստեփանյանը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրից՝ Վիկտորիա Բոյակչյանը և Երևանի բժշկական քոլեջից՝ Էդուարդ Հակոբյանը։ Հաղորդումը վարում էր Իզաբելլա Ալեքսանյանը, թեման՝ «Ուսուցիչ և ոչ միայն»։ Խոսեցինք սովորող-ուսուցիչ հարաբերությունների մասին, ո՞վ է այսօրվա ուսուցիչը, ինչպիսի՞ն է նա, ինչպիսին կցանկանայինք տեսնել ուսուցչին և այլն։ Ներկայացրինք նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրինակը, թե ինչ նվաճումների է հասել սովորող-ուսուցիչ հարաբերություններում։ Հաղորդումը կարող եք լսել 101.6 հաճախականությամբ, Հոկտեմբերի 4-ին, ժամը 17։00-ին, իսկ կրկնությունը՝ շաբաթ, ժամը`12։00-ին և 22։00-ին:

Մասնագիտական փորձառություն. հեռուստահաղորդումներ

Յուրաքանաչյուր ապագա մասնագետ գոնե մեկ անգամ պետք է գտնվի այն միջավայրում, որտեղ ենթադրում է, որ պետք է ստեղծի և ապրի։ Ինչպես գիտեք, ես պատրաստվում եմ լրագրող դառնալ և հաղորդումների մասնակցելը, հեռուստաընկերություններ գնալն ինձ համար շատ կարևոր փորձառություն է։ Դա ինձ օգնում է ավելի մանրամասն ուսումնասիրել իմ մասնագիտությունը, ծանոթանալ այդ ոլորտում աշխատող մասնագետների հետ, տեսնել բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին չէի էլ մտածել։ Կարծում եմ՝ նման փորձառությունը խիստ կարևոր է, օգտակար: Հեռուստահաղորդման մասնակցությունը ոչ միայն քո խոսքի, տվյալ հարցադրման շուրջ աշխատելու կոնկրետ և հստակ խթան է, այլև՝ քեզ, քո հաստատությունը ներկայացնելու, ներկայանալու, չվախենալու լավագույն հնարավորություն: Շնորհակալ եմ նման հնարավորություն տալու համար:

Հանդիպում լրագրող և հաղորդավար Արմեն Դուլյանի հետ

«Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծի շրջանակներում կրթահամալիր կայցելի լրագրող և հաղորդավար Արմեն Դուլյանը։ Այս հանդիպման պատասխանատու, համակարգողը ես եմ՝ Վիտալի Գրիգորյանը: Համացանցում նրա մասին որևէ կենսագրական տեղեկություն չկարողացա գտնել: Որոշեցի Ֆեյսբուք սոցիալական ցանցով զրուցել, ճշգրտումներ անել։ Ձեզ եմ ներկայացնում ֆեյսբուքյան մեր խոսակցությունից մի հատված, որտեղ պրն Դուլյանը պատմում է իր մասին ( նյութը խմբագրված, մշակված չէ)։

Ծնվել եմ Երեւանի ութերորդ հիվանդանոցում այն թվականին, երբ մահացավ Իոսիֆ Ստալինը… Շատ լավ բաներ եմ արել հայրենիքիս համար՝ ժամանակին գործընկերներիս հետ ստեղծել եմ Հայաստանի պատմության մեջ առաջին անկախ լրատվական գործակալությունը՝ «Սնարք»… Պատերազմի դժնդակ օրերին աշխատել եմ Հայաստանի պաշտպանության նախարարությունում, գործընկերներիս հետ ստեղծել ենք «Զինուժ» հաղորդումը, որը հիմա էլ է հեռարձակվում… Հայաստանի անկախությունից հետո լծվել եմ հայկական նորընտիր խորհրդարանին աջակցելու ազգանվեր գործին… Ստեփանակերտի ռմբակոծությունների ժամանակ այնտեղ էլ եմ մասնակցել անկախ Արցախի նորակազմ խորհրդարանի առաջին աշխատանքներին… 10 տարի շարունակ դեմոկրաատիա եմ քարոզել«Ազատություն» ռադիոկայանով, որի վերահեռարձակումը անընդհատ խափանում էին մեր հարազատ նախագահները… Ու ոչ մի պարգեւ այսքանի դիմաց չեմ ստացել… Չէ, սուտ եմ ասում, մի անգամ Սովետական Միության ժամեանակ ճանաչվել եմ սոցիալիստական մրցության հաղթող եւ արժանացել Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի ճառով գրքույկին, որը մինչեւ հիմա էլ սրբորեն պահում եմ… Երկու դպրոց, երկու անգամ համալսարան… Դպրոցի մասին: Չարենցի դպրոցում անգլերեն թեքումով դասարան էր բացվել, այնտեղ սկսեցի, հետո Չարենցի եւ Աբովյանի դպրոցների անգլերեն դասարանները միացրեցին՝ նոր դպրոց ստեղծեցին՝ 114 դպրոցը, հենց դա էլ ավարտեցի…. Ես համալսարանում սկզբից ընդունվեցի բաանասիրական, հետո զգացի, որ էշություն եմ արել, դուրս եկա ու գնացի Սովետական բանակ…. Ու հետո, երբ աշխատում էի Արմենպրես գործակալությունում, մեծ պաշտոն ստացա՝ բաժնի վարիչ… Ասացին առանց բարձրագույն կրթության չես կարող այդ պաշտոնում մնալ, ես էլ ստիպված գնացի՝ Երեւանի պետհամալսարանի իրավաբանականն ավարտեցի, դիպլոմը իրենց տվեցի, որ հանգստանան…

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ` http://armword.blogspot.com/2013/09/blog-post.html

Ջերմամիջուկային ռեակցիա (քաղաքական վերլուծություն)

Հայաստանի իշխանությունները երթուղայինների սակագինը բարձրացնելով՝ ժողովրդին ազատ խոսքի, անհնազանդությունը հայտնելու շանս տվեցին: Դա ինքնաձիգից արձակված գնդակ էր Հայաստանի իշխանությունների կողմից, որը դիպավ ժողովրդի ամենաթույլ և միաժամանակ ամենազգացմունքային մասին: Ժողովրդի ճնշման ներքո երթուղայինի սակագինը դարձավ նախկին 100 դրամը: Սա անթույլատրելի քայլ էր Հայաստանի բռնատիրական իշխանությունների կողմից: Սա նահանջ էր, որը ստեղծեց փոքր, բայց հետըզհետե մեծացող հարթակ ժողովրդավարական ընդվզումների համար: Սա հարթակ է ոչ թե ընդդիմադիր կուսակցությունների, այլ ժողովրդի համար: Ընդդիմությունը միշտ էլ ունեցել է հարթակներ, արտահայտել է իր բողոքի ձայնը, բայց ժողովուրդը երբեք: Սա ժողովրդավարական հարթակ է: Իսկ ժողովրդավարությունը յուրահատուկ և ազատ կառավարման ձև է, որը մինչ օրս չի իրականացվել Հայաստանում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն, որը ոճային սխալ էր: Սա հույսով լցրեց ժողովրդին և առիթ հանդիսացավ մյուս բողոքներին՝ շարունակությանը: Այդ բողոքները մինչև այժմ էլ շարունակվում են: Կոմիտասի 5-ում շինարարության դադարեցումը կմեծացնի այդ հարթակի սահմանները, որտեղ կտեղավորվի ավելի շատ մարդ, քան առաջ: Յուրաքանչյուր բողոքի ցույց առիթ է հանդիսանում մեկ այլ բողոքի ցույցի: Սա ժողովրդավարական ռեակցիա է, որը կանգնեցնելու դեպքում մեծամաշտաբ պայթյուն կլինի: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պետք է զգոն լինի և կշռադատված քայլեր անի: Յուրաքանչյուր սխալ քայլ կմեծացնի դագաղի չափերը, որտեղ ավելի շատ հանրապետականներ կպառկեն:

Վիտալի Գրիգորյան

Աղբյուր՝ http://armword.blogspot.com/2013/08/blog-post_5861.html