Ամանորը մեզանում. ուսումնական նախագիծ

Տեքստային ուսումնասիրություն

Այս տոնի անունները Հայոց մեջ տարբեր էին: Հիշվում են Ամանոր, Տարեմուտ, Տարին գլուխ, Նոր Տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար ձևերը:

Ամանորի երևույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ.

  • Բնակարանը, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը,
  • Ծիսական ուտեստը,
  • Ծիսական այցելությունները
  • Բախտագուշակությունները
  • Հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները:

Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում բնակարանի մաքրություն առանձնակի կարևորություն էր տրվում: Ոչ միայն բնակարանն էր մաքրվում, այլև դուրս էին նետվում անպետք իրերը, նորոգվում էին քանդված մասերը: Լվանում ու մաքրում էին ողջ ամանեղենն ու սպիտակեղենը: Տունը զարդարվում էր ու ոչ միայն գեղագիտական, այլև չարխափան ու բարեբեր զարդարանքներով:
Սրանից հետո ընտանիքի բոլոր անդամները լողանում էին, հագնում տոնական, ու ցանկալի է՝ նոր հագուստ: Եթե ընտանիքում գժտություն կար, աշխատում էին լուծել գժտության առիթը, հաշտեցնել գժտվածներին: Նույն կերպ փորձում էին հաշտեցնել նաև հասարակական միջավայրում:

Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջ էին: Տոնի
ժամանակ օգտագործվող ուտեստի տեսականին, դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնական էին հայոց շատ ազգագավառների համար, սակայն երբեմն տարբերվում էին պատրաստման կերպով, մատուցման և ճաշակման ժամանակով, անուններով: Աշնանից սկսած այս տոնի համար պահած ունենում էին զանազան չորացած ու թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Ամանորյա ուտելիքները բաղկացած էին պասին թույլատրելի ուտելեղենից: Շատ էին հատիկեղենով պատրաստված ուտեստները:
Շատ մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենների հետ կազմում էին ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Որոշ տեղեր ջանում էին պահել 7 թիվը՝ յոթ տեսակ թարմ միրգ, յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր, յոթ տեսակ ընդեղեն, յոթ տեսակ պաստեղ և այլն:
Դեկտեմբերի 31-ի տոնական նախապատրաստույթյունների առանցքը, սակայն, կազմում էին բազմաթիվ խմորեղենները: Նախ՝ ամենուր այդ օր հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, Նոր տարին պետք է նոր հացով սկսել: Թխվում էր տոնի կարևորագույն «Տարի հաց», «Կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» և այլ ձևերով հայտնի ծիսական հացը: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ձևը տարբեր էին, տարբեր տեղերում այն տարբեր օր էին կտրում:
Սրանից բացի թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև՝ հմայական խմորեղեններ: Առհասարան ամանորյա ուտելիքները ունեին մի քանի միտում, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.

  • Հմայող-հաջողություն ապահովող
  • Գուշակությունների համար
  • Չարը կանխարգելող

Այսօր Նոր տարին դժվար է պատկերացնել առանց տոնածառի: Տոնածառներ հանդիպում ենք նաև որոշ հայկական սովորություններում: Օրինակ Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա  երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվում է «Կաղանդի ծառ»: Տնեցիներից յուրաքանչյուրը «Կաղանդի ծառից» կտրում էր մի փոքր ոստ և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապահովելու նպատակով զարդարում էր ընկուզեղենով: Առավոտյան տանտերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն, տան անդամներից յուրաքանչյուրի մազերից մի-մի մազ հանում, փաթաթում ճյուղին և այն ամրացնում գերանին:

Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Շատ տեղերում այդ օրն այցելություններ չէին լինում, սակայն ընթրիքին ընտանիքի բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Ընթրիքին հաջորդում էր աղանդերի ճաշակումը:

Նոր տարվա համահայկական սովորություններից առաջին հերթին կարելի է առանձնացնել նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաների, իսկ որոշ տեղեր նաև՝ աղջիկների խմբերի ծիսական շրջայցերը և տոնը շնորհավորելու ավանդույթը: Սովորաբար շնորհավորում էին երգելով ու չնայած բովանդակային մեծ ընդհանրությանը, այդ երգերը շատ էին տարբերվում:

Ընթրիքից հետո՝ կեսգիշերին երիտասարդները գնում էին թարմ, Նոր տարվա սկզբի հետ նորոգված ջուր բերելու: Այդ ժամին ջրին հատուկ զորություն էր վերագրվում: Որոշ տեղեր համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նորին՝ գետի ջուրը մի պահ ոսկի է հոսում:
Այդ գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր որոշ տեղեր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացը առատ լիներ: «Հացի հոր» կոչվող կլոր, ծակ թխվածքը կապում էին տան պատից: Գիշերը թրջված խոտը, տան կենդանիների, երկրագործական գործիքների և այլ այս կարգի պատկերներով թխված հացերը ջրում առավոտյան թրջելուց հետո ուտեցնում էին կենդանիներին: Որպես կանոն այդ պահն ուղեկցվում էր բարեմաղթություններով:
Հացից ու ջրից բացի նորոգվում էր նաև կրակը: Բոլոր դեպքերում Նոր տարվա գիշերվա և հաջորդ օրվա կրակն անմար էր պահվում: Որոշ տեղերում մեծ քոթուկ էին վառում, աստիճանաբար առաջ բրդելով, իսկ Ծննդյան երեկոյան այդ քոթուկից մնացած կտորները տանում թաղում էին հանդերում, որպեսզ բերքն առատ լինի:
Այդ օրերին օջախի կրակի պայծառությունն առհասարակ «ապահովում էր» ընտանիքի կյանքի պայծառությունն ու ջերմությունը տարվա ընթացքում:
Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ կարող էին սկսվել այցելությունները: Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով: Թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքն առաջինը դնելով, այլապես ձախորդություններն այդ տարում անպակաս կլինեին

Կարծիք ավելացնել