Այդ հետաքրքիր օրհնանքները, անեծքները

Հեռավար ուսուցմամբ սովորող Աշոտ Հովհաննիսյան (9-րդ դաս․), Չինաստան

Լինելով բնիկ գյումրեցի, ես կասեի ԼԵՆՆԱԳԱՆՑԻ, ես չէի կարող անտարբեր անցնել այս վերնագրի կողքով։ Նախապես ասեմ՝ նյութում շատ կլինեն բարբառային բառեր, այնպես որ թարգմանության համար գրել առանձին նամակով…

Եվ այսպես, օրհնանքների և անեծքների հետ կապված գիտելիքներիս գլխավոր հովանավորն է իմ տատը, քանի որ օրհնանքն առօրյայում օգտագործում էր այնքան, որքան չէր օգտագործել երբևէ իմ ճանաչած որևէ գյումրեցի։ Եվ տատս կարող էր դրանք օգտագործել յուրաքանչյուր «շնորհակալության» փոխարեն, ինչպես օրինակ՝ «ջրի պես երգան արև էղնիս», երբ ջուր էինք փոխանցում, կամ ուղղակի «ապռի արևդ»։ Ինչ-որ արարք գովաբանելու կամ էլի շնորհակալություն ասելու համար օգտագործվում է նաև՝ «ծլիս, ծաղգիս, փրփնջոդիս» տարբերակը։ Տատս շատ է օգտագործում նաև «մադաղդ էղնիմ» խոսքը, որով ցույց է տալիս իր սերը դեպի իր զավակներին։ Դե իսկ ինչ վերաբերում է «ցավդ տանիմ», «ջանիդ մեռնիմ» և նմանատիպ այլ խոսքերի, առանձին չեմ անրադառնա․ դրանք առանց այն էլ բավական հայտնի են։

Ինչ վերաբերում է անեծքներին, տատս դրանք համարյա չէր օգտագործում, քանի որ նա միշտ մեր ընտանիքում եղել է ու կա ամենաբարի և հոգատար անձնավորությունը, նույնիսկ իր թշնամուն չէր անիծի։

Գյումրվա բարբառում հայտնի անեծքներ են՝ «գեդինը մդնիս», «հողերս սայլուգ գլխուդ», «բոյդ թաղեմ», «մուրազդ փորդ մնա» արտահայտությունները։ Բայց մենք՝ լեննագանցիքս, սովոր չենք միմյանց անիծել, մենք լուչշե հանակի տանք, անցնի էրտա։

Լուսանկարը՝ Քնարիկ Ադամյանի, կինո-ֆոտո գործ, 5-րդ դաս․

Կարծիք ավելացնել